38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մտրակի և քաղցրաբլիթի միջև

Մտրակի և քաղցրաբլիթի միջև
24.06.2008 | 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԵՎՐՆԵՐ

«Գլոբալ քաղաքական արթնացման պայմաններում գլխավոր մարտահրավերը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է ամբողջ աշխարհում»։

Զբիգնև Բժեզինսկի. «Երկրորդ շանսը. երեք նախագահ և ամերիկյան գերտերության ճգնաժամը» գրքից։

Մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության առաջընթացն արևմտյան քաղաքագետների համար վաղուց ի վեր դարձել են ոչ միայն իրենց շահերի իրագործման գործիք, այլև տարբեր երկրների ներսում ներքաղաքական գործընթացների մանիպուլյացիա իրականացնելու արդյունավետ միջոց։ Եվ թեկուզ համաշխարհային գործընթացների գլոբալ խաղացողները բավականաչափ ցինիկ են իրենց աշխարհաքաղաքական շահերի իրագործման և ազդեցության ոլորտների բաժանման ճանապարհին, այնուհանդերձ, հռչակված ժողովրդավարական նորմերը համարվում են ինքնաբավ, ուստի և պահանջում են անհրաժեշտ սրբագրումներ ընդհանուր քաղաքականության մեջ։ Անհրաժեշտ է ընդգծել, որ այսօր Հայաստանի ներքաղաքական «ռազբորկաների» հարթությունում գլխավոր խնդիրը ԵԽԽՎ հերթական նստաշրջանում այդ կազմակերպության ընդունած 1609 բանաձևի քննարկումներն են, որոնք առնչվում են Հայաստանին։ Մանավանդ որ, ի հեճուկս իշխանությունների ցանկության և արդարացնելով ընդդիմության հույսերը, այս հարցի լսումները տեղի են ունենալու արտահերթ կարգով, իսկ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն և Ջոն Պրեսկոտն արդեն հասցրել են հիշյալ բանաձևի կատարման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը գնահատել անբավարար։ Սակայն, այնուհանդերձ, այդ հանգամանքը չի կարող հայրենի ընդդիմության համար դառնալ հրճվանքի առիթ, իսկ իշխանությունները չունեն ինքնահանգստացման որևէ պատճառ։ Որովհետև Հայաստանի` եվրոպական պառլամենտարիզմից օտարվելու վտանգը դամոկլյան սրի պես ոչ միայն կախված է օդում, այլև, ամենայն հավանականությամբ, օգտագործվելու է երկարատև հեռանկարի կտրվածքով, ինչի շնորհիվ Արևմուտքը փորձելու է վերահսկել և ուղղորդել երկրի ներսում զարգացող իրադարձությունները։ Մեր ընդդիմության գործիչները հայտարարեցին, թե ԵԽԽՎ-ի առջև հաշվետվություն պետք է տան օրվա իշխանությունները, և նույնիսկ նույն ԵԽԽՎ-ն հաշվետվություն պետք է տա հայ ժողովրդին։ Հանրահավաքային հռետորաբանությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր հավաստիացնել իր ունկնդիրներին, որ ինքն ընդունակ է չեզոքացնելու եվրոպացի խորհրդարանականների որոշումների ազդեցությունը, եթե իշխանությունները կատարեն իր պահանջը։ Սակայն հիմնավոր պատճառներ կան պնդելու, որ Եվրոպան, ինչպես և ԱՄՆ-ը, գործելու են առանց Երևանից հուշարարների նախաձեռնությունների, իրենց շահերից և «ժողովրդավարական ստանդարտներից» ելնելով են գնահատելու իրավիճակն ու ձեռնարկելու իրենց քայլերը։ ՈՒշադրության են արժանի հետևյալ հանգամանքները. Երևանում գտնված ժամանակ Ժորժ Կոլոմբիեն հայտարարեց, որ Հայաստանը ԵԽԽՎ-ից ոչ միայն դատապարտման, այլև աջակցության սպասումներ ունի։ Ըստ համազեկուցողի, Հայաստանը նաև խրախուսանք է սպասում 1609 բանաձևի որոշ կետերի կատարման կապակցությամբ։ «Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները հետևողականություն կունենան մինչև վերջ իրագործելու այն, ինչ իրենցից պահանջվում է։ Պետք է մինչև վերջ գնալ, որպեսզի Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահություն դրսևորվի ոչ միայն երկրի բնակչության կողմից, այլև միջազգային կառույցների, առաջին հերթին Եվրոպայի կողմից»։ Հիշատակման է արժանի նաև այն, որ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծեց, թե ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների կատարումն իր նախընտրական ծրագրի մասն է կազմում և հանդիսանում է քաղաքական առաջնահերթություն գործող քաղաքական կոալիցիայի համար։ Նախագահի հավաստմամբ, ժողովրդավարական ռեֆորմները Հայաստանում սահմանափակված են այդ բանաձևի պահանջներով և ունենալու են շարունակություն։ Հետաքրքիր է, որ այդ հանդիպման ժամանակ Ջոն Պրեսկոտը բարձր գնահատեց երկրի ղեկավարի կողմից հիշյալ նպատակների իրագործման համար հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը և մասնավորապես նշեց. «Թեկուզ և ԵԽԽՎ-ն քաջ գիտակցում է, որ սահմանափակ ժամանակահատվածում բանաձևի պահանջների իրականացումը դժվար է` բոլոր ուղղություններով հաջողության հասնելու համար, սակայն մենք ուրախությամբ արձանագրում ենք առաջընթացի հասնելու նպատակով քաղաքական կամքի առկայությունը»։ Իսկ ահա ընդամենը մի քանի օր անց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավար նույն Ջոն Պրեսկոտը հայտարարեց, որ Հայաստանի հարցով արտահերթ լսումները ԵԽԽՎ նստաշրջանում անհրաժեշտ են, քանզի երկրի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրել 1609 բանաձևի պահանջների կատարման ուղղությամբ։ Այսինքն` ԵԽԽՎ-ի ձեռքին փաստորեն հայտնվել է մի յուրօրինակ «մահակ», որը միշտ պատրաստ են պահում վատ աշակերտին խելք սովորեցնելու համար։ Այս ամենին զուգահեռ` շատ ավելի նշանակալի մի եվրոպական կառույցում զարգանում են գործընթացներ, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն և կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման հեռանկարների վրա։ Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարներն իրենց համաձայնությունն են տվել լեհ-շվեդական մի նախագծի, որը կոչվում է «Արևելյան գործընկերություն»։ Այն ենթադրում է հատուկ ֆորումի ձևավորում` Եվրամիության և նախկին խորհրդային հանրապետություններ ՈՒկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցություն ծավալելու համար։ Փորձագիտական մակարդակով նույնը նախատեսվում է Բելառուսի հետ։ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, իբրև նախագիծ, նրա հեղինակների կարծիքով, ժամանակի ընթացքում պետք է հանգեցնի Եվրամիության և խորհրդային բլոկի այս նախկին հանրապետությունների միջև վիզային ռեժիմի մեղմացման, իսկ հետագայում դրա բացառմանը։ Ծրագիրը ենթադրում է նաև ծառայությունների և ապրանքների ազատ տեղաշարժի համար ազատ առևտրի գոտու ստեղծում։ Այս նոր, բազմակողմ համագործակցության ֆորմատում Եվրամիության հետ Հայաստանը կընդգրկվի արդեն 2009 թվականից, երբ կստեղծվի Եվրամիություն-Արևելք խորհրդարանական վեհաժողով։ Միաժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի և եվրոպական հարևանության գործերով հանձնաժողովի ղեկավար Բենիտո Ֆերերո-Վալդների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է շարունակել հետևողական քայլերը եվրոպական ընտանիքի հետ մերձենալու ուղղությամբ։ Բանակցություններին մասնակցող կողմերը դրական գնահատեցին եվրոպական հարևանության քաղաքականությունը և այն հնարավորությունները, որ առկա են այդ քաղաքականության իրագործման համար վերոնշյալ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձան Եվրամիություն-Հայաստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և ծրագրերին` տարբեր ուղղություններով։ Ավելին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Երևանը բարձր է գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Իր հերթին Սխեֆֆերը կարևորեց Կոսովոյում խաղաղապահ գումարտակի թվակազմն ավելացնելու Հայաստանի որոշումը։ Ահա այսպիսի մետամորֆոզներ, որոնք կարծես առաջին հայացքից խոսում են ՆԱՏՕ-ի և այլ եվրոպական կառույցների միջև ստեղծված հակադրության մասին և տպավորություն ստեղծում, թե ձախ ձեռքը չգիտի` ինչ է անում աջը։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նման հակադրությունը բոլորովին էլ բնորոշ չէ եվրոպական կառույցների համար, և, ամենայն հավանականությամբ, իրականում կատարված է որոշակի վերաբաշխում։ Եթե առաջնային օղակի կառույցներում լուծվում են իրական ինտեգրացիային ուղղված խնդիրներ, որոնք նոր աշխարհաքաղաքական բաժանում իրագործելու նպատակ ունեն, ապա եվրոպական խորհրդարանի հովանու ներքո «լեզվակռվի» կազմակերպումը նպատակ ունի հավասարակշռության միջոցով կիրառել մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականություն։ Օլիգարխիական-կլանային կառուցվածք ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին այսօրվա Հայաստանն է, բարեփոխումները և արդեն ձևավորված բացասական հարաբերությունների իրական տրանսֆորմացիան տեղի են ունենում ոչ այնքան ընդդիմության և ժողովրդական զանգվածների, որքան միջազգային ուժերի ճնշման և վերահսկողության շնորհիվ։ Ինչպես և սպասելի էր, Եվրոպայից ուղարկված «մեսիջները» անուշադրության չմատնվեցին Հայաստանի իշխանությունների կողմից։ Համապատասխանաբար Եվրախորհրդին և ԵԱՀԿ-ին խնդրանքով դիմեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` հույս հայտնելով, որ եվրոպական գործընկերները փորձագիտական օգնություն կցուցաբերեն խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը, որը զբաղված է լինելու մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությամբ։ Արտգործնախարարն իր հերթին հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել ժողովրդական բարեփոխումների խորացման ուղղությամբ։ «Ոչ միայն այն պատճառով, որ դա բխում է եվրոպական կառույցների առջև ստանձնած մեր պարտավորություններից, այլ որովհետև ժողովրդավարական բարեփոխումները մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն են»,- հայտարարեց Է. Նալբանդյանը։ Ընդդիմությունը, անշուշտ, շարունակում է պնդել, թե այս ամենն իմիտացիա է և խաբեություն, ինչը չի բացառվում։ Բայց միաժամանակ հնարավոր չէ այդքան երկար խաբել «ղեկավար ընկերներին», հատկապես, երբ նրանք խաբված լինել ոչ մի կերպ չեն ուզում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7463

Մեկնաբանություններ